ԾՐԱԳԻՐԸ
«Հայերն ու Հայաստանը թուրքական մեդիայում» կայքը պատրաստվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մի խումբ գիտաշխատողների կողմից «Ատելության խոսքի «դասական» թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական մեդիա դաշտում» գիտական ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄՆ գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ՝ 19YR-5I043 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում։
Ատելության խոսքը (hate speech) և դրա տարածումը տեղեկատվական ժամանակակից համակարգերի ամենաբարդ խնդիրներից են, որոնք անմիջական ազդեցություն ունեն հասարակության կենսագործունեության վրա։ Ընդ որում, մեդիայի միջոցով կառուցարկված պատումները ոչ միայն ձևավորվում են իրականացվող քաղաքականության ազդեցությամբ, այլև իրենք էլ են փոխադարձաբար ազդում քաղաքականության վրա։
Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետության և հայերի կերպարի շուրջ Հայաստանի հարևան պետություններում (վերա)ձևավորվել և (վերա)ձևավորվում են բազմաթիվ պատումներ։ Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը, ինչպես նաև մեդիա դաշտի նշանակությունը տարածաշրջանային տեղեկատվական համակարգում, սույն հետազոտական ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում են Թուրքիայի մեդիադաշտում Հայաստանի և հայերի շուրջ առկա պատումները և իդեոլոգեմները։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Նաիրա Պողոսյան
(նախագծի ղեկավար)ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյան ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս Արեն Պետունց